ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, «Երեւան օփեն» շախմատի 2-րդ միջազգային մրցաշարի Գլխավոր մրցավար Նորայր Քալանթարյանն ամփոփեց մրցաշարի արդյունքները.
- Ի՞նչ գնահատական կտաք «Երեւան օփենին»:
- Ներկայիս մրցաշարը հաջողվեց, բայց մենք չէ, որ պետք է դատենք: «Երեւան օփենի» մասնակիցները, այդ թվում հյուրերը, գոհ մնացին, իսկ նրանց կարծիքը կարեւոր է: Շախմատային կայքերում «Երեւան օփենն» առաջատար դիրքեր էր զբաղեցնում, եթե հաշվի չառնենք Թբիլիսիի աշխարհի գավաթը:
- Նախորդ տարվա համեմատ, ի՞նչ փոփոխություններ էին կատարվել:
- Մի քանի նրբություններ հաշվի էինք առել, ինչից մրցաշարը միայն շահեց: Այս տարի «Երեւան օփենն» ավելի ուժեղ կազմ էր հավաքել, ավելացել էր մասնակիցների քանակը, ընդլայնվել էր աշխարհագրությունը:
2018 թվականին Հայաստանի մայրաքաղաքը կտոնի 2800-ամյակը, եւ մեր ֆեդերացիան նախատեսում է մասշտաբային մրցաշար անցկացնել: Ցանկանում ենք ավելի շատ մասնակիցներ հրավիրել, ներգրավել ավելի ներկայանալի կազմ:
- Մրցաշարի արդյունքներով ո՞ւմ կնշեք:
- Միջազգային գրոսմայստերների հայկական «բանակում» համալրում կա: Միջազգային վարպետ Արման Միքայելյանը զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ նրա վարկանիշն, արդեն յոթերորդ տուրից հետո հասել էր անհրաժեշտ 2500-ի: Հոկտեմբերի 12-ին Անթալիայում կկայանա ՖԻԴԵ-ի համաժողովը, որտեղ Արմանին, ամենայն հավանականությամբ, կշնորհվի շախմատային ամենաբարձր կոչումը: Մենք անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացնենք: