Արթուր Նազարյան. Պատանի բասկետբոլիստները կայուն խաղային պրակտիկա կունենան

12:31 - 16 Սեպ, 2017

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ այս տարի կանցկացվի բասկետբոլի պատանիների Հայաստանի կանոնավոր առաջնություն: Սեպտեմբերի 30-ից պատանի բասկետբոլիստներն ամեն շաբաթ կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ առաջնությանը հայտավորված է 12 թիմ, որից հինգը մարզերից ու Արցախից են, մյուսները՝ Երեւանից.

«Այս տարին շատ կարեւոր է, քանի որ նման մասշտաբների առաջնություններ անցկացնելու մեր առաջին փորձն է: Մեր գլխավոր նպատակը հայկական բասկետբոլի բարձրացումն է, իսկ առանց կանոնավոր խաղերի դա անհնար է: Առաջնության շնորհիվ տղաները կայուն խաղային պրակտիկա կունենան: Առավել աչքի ընկած խաղացողները կհամալրեն Մ 16 տարեկանների հավաքականի կազմը:

Դեռ շատ աշխատանքներ ունենք անելու: Ի տարբերություն մեծահասակների, պատանեկան առաջնության դեպքում մարզադահլիճների հարցն ավելի լուրջ է: Մի քանի ակումբներ չունեն մարզադահլիճներ կամ այն վարձակալելու հնարավորություն: Փորձում ենք թիմերին օգնել այդ հարցում:

Մարզերում վիճակն այնքան էլ վատ չէ: Գյումրիի հետ կապված մի քանի օրից հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որի մասին կտեղեկացնենք»,- ասաց Նազարյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի խոսքով՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ ֆեդերացիան թիմերից անդամավճար չի վերցնում, հակառակը՝ ինքն է ֆինանսապես օգնում.

«Կանոնավոր առաջնություն անցկացնելու համար ֆինանսական միջոցներ են պահանջվում: Այժմ մեզ աջակցում է ամերիկահայ բարերար, մնացած ծախսերը հոգում է բասկետբոլի ֆեդերացիան: Մի շարք այլ երկրներում պատանեկան թիմերը տալիս են անդամավճար, որի միջոցով էլ կազմակերպում են առաջնությունը: Հաշվի առնելով մեր ակումբների եւ մարզադպրոցների ֆինանսական վիճակը՝ մենք ինքներս ենք հոգում առաջնության ծախսերը, այդ բեռից ազատելով մասնակից թիմերին:

Ցանկանում ենք նաեւ կանանց առաջնություններ անցկացնել: Հաջորդ տարվա համար նոր ծրագրեր ունենք: ՖԻԲԱ-ից աջակցություն կստանանք պատանեկան առաջնությունների անցկացման համար»:

Արթուր Նազարյանը նշեց, որ այս տարի անցկացվելու է նաեւ Մ 12 տարեկան տղաների Հայաստանի առաջնություն, սակայն ոչ կանոնավոր կերպով:

Այլ նորություններ