Պատանի մարզիկներն Օլիմպիական փառատոնում հանդես կգան վեց մարզաձեւում

10:54 - 12 Հուլ, 2017

Հուլիսի 22-30-ը պատանի մարզիկները Հունգարիայի Գյոռ քաղաքում կմասնակցեն Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին:

Շուրջ 50 երկրի մարզիկներ կպայքարեն 10 մարզաձեւում` թենիս, հեծանվային սպորտ, լող, ձյուդո, աթլետիկա, սպորտային մարմնամարզություն, վոլեյբոլ, բասկետբոլ, հանդբոլ եւ կանոե: Հայ պատանիները հանդես կգան դրանցից վեցում.

Եվրոպական ամառային օլիմպիական փառատոնին կմասնակցեն Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (բոլորը` թենիս), Ամու Ասուբովը, Հովհաննես Երանոսյանը, Հենրիկ Երանոսյանը (երեքն էլ` հեծանվսապորտ), Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը (երկուսն էլ` լող), Արտյոմ Ղալաչյանը, Սամվել Գեւորգյանը, Արսեն Ավեդիսյանը, Ռոբերտ Թորոսյանը, Նունե Նազարյանը (բոլորը` ձյուդո), Դավիթ Սարգսյանը (աթլետիկա), Ժորա Սմբատյանն ու Անահիտ Ասադուրյանը (երկուսն էլ` մարմնամարզություն):

Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավարը ՀԱՕԿ սպորտի եւ միջազգային կապերի վարչության պետ Գագիկ Բոլշիկյանն է.

«Հայ մարզիկները բազմիցս մասնակցել են օլիմպիական փառատոններին եւ լավ են հանդես եկել: Հուսանք, որ այս տարի եւս մեր պատանիները պատվով կներկայացնեն Հայաստանը»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Գագիկ Բոլշիկյանը:

Այլ նորություններ