Մարզիչները հոգեբանական դասընթաց են անցնում

13:25 - 02 Հուն, 2017

Հայկական հոգեբանության ակադեմիան ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ հոգեբանական սեմինար է անցկացնում` «Մարզչական գործունեության հոգեբանական ասպեկտների կատարելագործումը» թեմայով: Սեմինարին մասնակցում են տարբեր մարզաձեւերի մարզիչներ:

Հայկական հոգեբանության ակադեմիայի գործադիր տնօրեն Բարեղամ Մնացականյանը նշեց, որ սեմինարը նպատակ ունի զարգացնել սպորտային հոգեբանությունը: Լրացնել այն բացը, որը կխթանի մարզիկների բարձր նվաճումները.

«Մարզիչներն օրվա գերակշիռ մասն անցկացնում են իրենց սաների հետ եւ գիտեն նրանց բոլոր ուժեղ ու թույլ կողմերը: Մարզիչները նաեւ հոգեբանի, ծնողի դեր են կատարում մարզիկի համար: Այդ պատճառով շատ կարեւոր է, որ նրանք հոգեբանորեն վերապատրաստվեն»,- ասաց Բարեղամ Մնացականյանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գաբրիել Ղազարյանը նույնպես կարեւորեց այս դասընթացի նշանակությունը.

«Պետք է անկեղծ ասեմ, որ սպորտային հոգեբանի ինստիտուտը մեր երկրում կայացած չէ: Հիմնականում մեր մարզիկների հոգեբանական պատրասվածությամբ նույնպես մարզիչներն են զբաղվում, քանի որ ոչ բոլոր հավաքականներում կան հոգեբաններ»,- նշեց Գաբրիել Ղազարյան:

Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչություն պետ Նարինե Շահբազյանը հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները շարունակական կլինեն.

«Այսօր մեր մարզիկներից շատերը մրցումների ժամանակ հոգեբանական խնդիր են ունենում: Լինում է այնպիսի պահ, որ մարզիկը ֆիզիկապես պատրաստ է մրցաշարին, բայց հոգեբանորեն տանուլ է տալիս»,- ասաց Նարինե Շահբազյանը:

Դասընթացը կշարունակվի մինչեւ հունիսի 4-ը:

Այլ նորություններ