Անաստասիա Գալուստյան. Ճանապարհս դեպի օլիմպիական խաղեր երկար էր եւ ես պետք է այնտեղ հանդես գամ

10:10 - 24 Մայ, 2017

«Միշտ ուրախությամբ եմ Հայաստան այցելում: Կցանկանայի ավելի հաճախ դա անել, բայց առայժմ չկա նման հնարավորություն: Ապրում ու մարզվում եմ Մոսկվայում, մինչդեռ այստեղ ես հայրական կողմի բարեկամներ ունեմ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց գեղասահքի Հայաստանի չեմպիոն Անաստասիա Գալուստյանը:

«Աշխարհի առաջնությունում լավ հանդես գալուն խանգարեց ուժեղ հոգեբանական լարվածությունը: Շատ էի ցանկանում օլիմպիական ուղեգիր նվաճել եւ արդարացնել իմ եւ ուրիշների հույսերը: Կարծում եմ, որ իմ գնահատականները մի փոքր իջեցված էին: Արդյունքում ինձ ընդամենը մեկ տեղ չբավականացրեց:

Վերջին հնարավորություն է մնում՝ սեպտեմբերին Գերմանիայում կայանալիք վարկանիշային մրցաշարը: Ճանապարհս դեպի օլիմպիական խաղեր երկար էր եւ պետք է այնտեղ հանդես գամ: Գերմանիայում անհրաժեշտ է տեղ զբաղեցնել լավագույն վեցյակում: Այդ մրցաշարին կավելանան գեղասահորդներ այն երկրներից, որոնք աշխարհի առաջնությանը չեն մասնակցել:

Երեւանի սահադաշտն ինձ շատ է դուր գալիս, այստեղ բոլոր պայմանները կան: Մարզվում եմ Ծաղկաձորի մարզաբազայում: Ցանկանում ենք ամռանը հավաք կազմակերպել Երեւանում:

Հիմա Հայաստանում մի փոքր կհանգստանամ, հետո հավաք ենք նախատեսում Ռուսաստանում: Ամենայն հավանականությամբ աշնան սկզբին Իտալիայում կմասնակցեմ միջազգային մրցաշարի: Դա Գերմանիայի վարկանիշային մրցաշարից առաջ գլխավոր փորձը կլինի»,- ասաց Անաստասիա Գալուստյանը:

Այլ նորություններ