Դավիթ Թորոսյան. Հավաքականի կազմում նոր անուններ կլինեն

18:13 - 09 Փետ, 2017

Փետրվարի 6-18-ը Հայաստանի բռնցքամարտի ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ Երևանում սկսել է ուսումնամարզական հավաք: Մարզիչը ՀԱՕԿ լրատվականի  հետ զրույցում հայտնեց, որ բռնցքամարտիկները պատրաստվում են Սոֆիայում կայանալիք «Ստրանջա» ավանդական մրցաշարին: Դավիթ Թորոսյանի խոսքով այդ մրցաշարին մասնակցելու են առաջատար մարզիկներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Կուբայից և այլ երկրներից.

«Այս հավաքին հրավիրվել է 40 մարզիկ: Տարվա կարևորագույն մրցաշարերին մասնակցելու են այն բռնցքամարտիկները, որոնք իրենց կդրսեւորեն լավագույն կողմերով: Ռինգը ամեն ինչ ցույց կտա: Շուտով մենք նոր անուններ կունենանք  հավաքականի կազմում, բայց դեռ չեմ շտապում հրապարակել:

Սոֆիայի մրցաշարը մեր մարզիկների համար ուժերը փորձելու լավ հարթակ է: Նախատեսում ենք հանդես գալ բոլոր քաշային կարգերում: Այս տարվա գլխավոր ստուգատեսը աշխարհի առաջնությունն է, որը կկայանա  օգոստոսի 25-ից սեպտեմբերի 3-ը Համբուրգում: Մինչ այդ հունիսի 14-26-ը Խարկովում հանդես կգանք Եվրոպայի առաջնությունում: Միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն` աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ձեռք բերելու համար  բռնցքմարտիկը մայրցամաքային առաջնությունում պետք է մտնի  1/8 եզրափակիչ փուլ: 

Առաջիկայում սպասվում է նաև երիտասարդների Եվրոպայի առաջնությունը (մինչև 22 տարեկաններ), մարտի 13-22-ը Ռումինիայում: Նույն տարիքային խմբի Հայաստանի առաջնությունը վատ եղանակային պայմանների պատճառով, անորոշ ժամանակով հետաձգվել է»,-  խոսքը եզրափակեց  հավաքականի մարզիչը: 

Լուսանկարներն այստեղ

Այլ նորություններ