Հաբեթնակ Կուրղինյան․ Եվրոպական խաղերը շատ լավ էին կազմակերպված

13:40 - 06 Հուլ, 2019

Մինսկում ավարտված երկրորդ Եվրոպական խաղերում ըմբշամարտի ազատ ոճի Հայաստանի հավաքականը ոչ մի մեդալ չնվաճեց։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց թիմի ելույթները և խոսեց Եվրոպական խաղերի կազմակերպվածության մասին․

«Մեդալների ակնկալիք կար 57 կգ և 65 կգ քաշային ըմբիշներից։ Բայց 65 կգ քաշային կարգում Վալոդյա Ֆրանգուլյանը 3-րդ տեղի համար պայքարում պարտվեց Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին, ում 2 ամիս առաջ պարտվել էր Կիևի միջազգային մրցաշարում։ Սպասում էի, որ Ֆրանգուլյանը կավելացնի և կհաղթի նրան։ Չեմ կարող հստակ ասել՝ ինչն է պատճառը. հնարավոր է՝ վիրահատությունից նոր ապաքինումը, բայց եթե պատճառներ փնտրենք, շատ կլինեն։ Ունենք այն, ինչ կա։ Գարիկ Բարսեղյանն առաջին գոտեմրատում հանդիպեց Զաուր Ուգուևին ու պարտվեց։ Վերջինս չհասավ եզրափակիչ, ու Գարիկը զրկվեց մեդալի համար պայքարելու հնարավորությունից»։

Հաբեթնակ Կուրղինյանը շատ գոհ էր Եվրոպական խաղերի կազմակերպվածությունից.

« Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, չկար ո՛չ տրանսպորտի, ո՛չ սննդի խնդիր։ Մենք կարող էինք հենց մարզադահլիճում սնվել՝ չվերադառնալով մարզիկների ավան։ Միայն գոհ եմ այնտեղի կազմակերպվածությունից»,-ասաց մարզիչը։

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև տեղեկացրեց, թե ինչ հավաքներ ու մրցաշարեր են նախատեսված մինչ սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունը․

«Հուլիսի 10-22-ը Օլիմպավանում հավաք կանցկացնենք, որից հետո ամսի 22-24-ը կմասնակցենք Ստեփան Սարգսյանի գավաթի խաղարկությանը, որը կկայանա Վանաձորում։ Դրանից հետո կարճ հավաք կանցկացնենք Երևանում, որից հետո կմեկնենք Սոչի Ռուսաստանի հավաքականի հետ նախավերջին ու ծանրաբեռնված հավաքն անցկացնելու, իսկ աշխարհի առաջնությունից առաջ վերջին հավաքը կանցկացննեք Երևանում։ Ստեփան Սարգսյանի գավաթի մրցաշարից հետո էլ պարզ կլինի աշխարհի առաջնություն մեկնող մարզիկների կազմը»,- խոսքը ավարտեց Հաբեթնակ Կուրղինյանը։

Այլ նորություններ