Որոշվում են Հայաստանի 2017 թ. տասը լավագույն մարզիկները

13:05 - 25 Դեկ, 2017

Հարցազրույց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի հետ

-Պարո´ն Ռոստոմյան: Այսօր ավարտվում է «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթը, որն առաջին անգամ անցկացվում է նոր ձեւաչափով՝ նաեւ հանրության մասնակցությամբ: Ինչո՞վ է պայմանավորված նոր կարգի սահմանումը:

-Տարվա 10 լավագույն մարզիկներին իրենց սահմանած որոշակի չափորոշիչներով որոշել են միայն մարզական լրագրողները: Սակայն նրանց կատարած ընտրության արդյունքները, հատկապես վերջին տարիներին, հանրությունը միանշանակ չէր ընդունում, ինչը տարատեսակ մեկնաբանությունների առիթ էր տալիս: Հասունացել էր «Հայաստանի 10 լավագույն մարզիկների» ընտրության ընթացակարգը ավելի թափանցիկ ու արդար դարձնելու անհրաժեշտությունը: Այդ պատճառով ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ ՀԱՕԿ-ի եւ ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ դեռ գարնանից բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել: Արված առաջարկությունները քննարկելու եւ կանոնակարգելու նպատակով ստեղծված հանձնաժողովը շուրջ ինն ամսվա ընթացքում բազմաթիվ նիստեր է գումարել եւ հրապարակի վրա հայտնվել է նոր ձեւաչափով փաստաթուղթը:

- Ինչո՞վ է նոր կարգը տարբերվում հնից:

- Առաջին անգամ «Հայաստանի 10 լավագույն մարզիկների» ընտրությանը նաեւ հանրությանը մասնակցելու հնարավորություն է ստեղծվել: Յուրաքանչյուր մարզասեր, քաղաքացի կարող է sms հաղորդագրությունով ընտրել իր նախընտրած մարզիկին, իսկ նախարարությունում քվեարկությանը հավատարմագրված մարզական լրագրողներից յուրաքանչյուրը բաց քվեարկությամբ հանձնաժողովին եւ հանրությանն է ներկայացնելու լավագույն տասնյակի իր տարբերակը: Հանձնաժողովը հրապարակայնորեն համադրելու է մարզասերների եւ լրագրողների քվեարկության արդյունքները, որոնց հանրագումարով հրապարակելու է համընդհանուր քվեարկությամբ ճանաչված 10 լավագույն մարզիկների անունները:

Այստեղ շատ կարեւոր երկու նորություն կա, եւ հասարակությունը պետք է անպայման տեղյակ լինի: Նախ, Հայաստանի 10 լավագույն մարզիկների ընտրության չափորոշիչներն են՝ մարզական բարձր նվաճումները եւ Հայաստանի հանրահռչակման պարագան: Սրանք միմյանց փոխլրացնող հանգամանքներ են: Եվ երկրորդ, համաձայն կանոնակարգի, չի որոշվում լավագույն մարզիկ՝ որոշվում են Հայաստանի 10 լավագույն մարզիկները: Այդ ցուցակում դասակարգում չկա՝ բոլորն էլ հաղթող են:

- Նախկինում որոշված լավագույն տասնյակի արդյունքները հանրությունը միանշանակ չէր ընդունում՝ կարծելով, թե լրագրողների վրա ինչ-որ ճնշումներ էին լինում կամ նրանց ուղղորդում էին:

- Նման բան երբեք չի եղել: Բայց հենց այդ թեման էլ օրակարգից հանելու նպատակով է այս ամենն արվել: Ի դեպ, ոչ նախարարությունը, ոչ ՀԱՕԿ-ը, ոչ էլ ազգային ֆեդերացիաները քվեարկության գործընթացին չեն միջամտում: Նախարարությունն ընդամենը ազատ, արդար եւ թափանցիկ քվեարկության համար պայմաններ է ապահովում:

- Տարբեր կազմակերպություններ ու լրատվամիջոցներ անցկացնում են լավագույն տասնյակի իրենց քվեարկությունը:

-Դա նրանց իրավունքն է: Սակայն ՀԱՕԿ-ը պաշտոնապես ճանաչում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հայտարարած «Հայաստանի 2017 թվականի 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները:

Այլ նորություններ