Պատանի բադմինթոնիստները հավաք են անցկացնում Ինդոնեզիայում

11:37 - 28 Սեպ, 2017

Բադմինթոնի Հայաստանի պատանեկան հավաքականը պատրաստվում է աշխարհի թիմային եւ անհատական առաջնությանը: Մինչ այդ հայ մարզիկները 14-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացնում մրցավայր Ինդոնեզիայում: Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն  մարզիչ Հրաչյա Պողոսյանը թիմում ընդգրկել է Արման Վարդանյանին, Գոռ Գրիգորյանին, Մանե Ստեփանյանին եւ Գայանե Մամաջանյանին:

Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ հայ բադմինթոնիստներն օրական երկու մարզում են անցկացնում ինդոնեզական «Ջարում» ակումբի մարզիչների գլխավորությամբ.

«Այս ուսումնամարզական հավաքը կայանում է մեր հայրենակից, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի եւ Բալկանյան երկրների բադմինթոնի ասոցիացիայի նախագահ Բյուզանդ Կասաբյանի նախաձեռնությամբ: Մասնակցում են Ինդոնեզիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Բրազիլիայի եւ Նոր Զելանդիայի մարզիկները»,- ասաց Պողոսյանը:

Աշխարհի պատանեկան առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 9-ին Ինդոնեզիայի Յոգյակարտա քաղաքում:

                                                                                            

Լուսանկարը՝ Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի

Այլ նորություններ